Պավել Լյուդվիկի Անտոնյանը ծնվել է Վրաստանի հայաշատ Բոգդանովկայի շրջանի (այժմ՝ Նինոծմինդա) Թորիա գյուղում։ 1969-1974 թվականներին սովորել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո ստացել է ինժեներ-մեխանիկի որակավորում։ 1974-1978 թվականներին, որպես ինշեներ-մեխանիկ, աշխատել է Ռուսաստանում․ Սվերդլովկի շրջանի Կաչկանար քաղաքում՝ «Ուրալսպեցստրոյ» տրեստի Կաչկանարի շինարարական մասնաճյուղում։ 1978 թվականին Պավել Անտոնյանը տեղափոխվում է Հայաստան և անմիջապես աշխատանքի անցնում ԳՀԿՏԲ «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորումում՝ նախ որպես 1-ին կարգի, ապա առաջատար կոնստրուկտոր։ 1994 թվականին Պ․ Անտոնյանը համատեղության կարգով աշխատում է նաև Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում՝ Ճարտարագիտական ֆակուլտետի մեքենաների սարքավորումների ամբիոնում՝ որպես պետբյուջեից ֆինանսավորվող գիտական թեմայի կատարող։ Այնուհետև Պ․Անտոնյանը դառնում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնական աշխատակից և մինչև իր կյանքի վերջին օրը նվիվածությամբ ու մեծ պատասխանատվությամբ կատարում էր իր պարտականությունները։ Պավել Անտոնյանին ճանաչողները կվկայեն նրա՝ մարդկային և մասնագիտական բարձր որակների մասին։