Ծնվել է Երևանում 1997 թվականին։ 2004-2015 թվականներին սովորել և ավարտել է Երևանի թիվ 159 ավագ դպրոցը; 2015 թվականին ընդունվել է ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» մասնագիտության 1-ին կուրս։ 2020 թվականին ավարտելով բակալավրական կրթական ծրագիրը՝ ընդունվել է նույն մասնագիտության մագիստրատուրան։ Ուսումնառության տարիներին Վոլոդյա Էլբակյանը հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել․ 2016 թվականից եղել է Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, 2016-2018 թվականներին՝ Գյուղմեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետի ուսանողական խորհրդի անդամ, 2017-2018 թթ․ Համալսարանի գիտական խորհրդի անդամ։ 2018 թվականից եղել է Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, 2018 թվականին ընտրվել էր ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ 2019 թվականից ՀԱԱՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահն էր։ Ուսման բարձր առաջադիմության համար Վոլոդյան 2017-2019 թթ․ արժանացել էր Ս․Ս․Սահակյանի անվան կրթաթոշակի։ Այս ամենին զուգահեռ Վոլոդյա Էլբակյանը նաև աշխատում էր որպես հաշվառող «Աթենք մսամթերք» ՍՊԸ-ում։ Վոլոդյա Էլբակյանն առաջիններից մեկն էր, որ զենքը ձեռքին մասնակցում էր հայրենիքի պաշտպանության համար։ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին հերոսաբար զոհվեց դաժան մարտերում։ Հուղարկավորվել է Պանթեոնում։