Նարեկը ծնվել է 2001թ.-ի նոյեմբերի 5-ին՝ Երևան քաղաքում: Նարեկն ընտանիքի առաջին թոռն էր՝ ընտանիքի ուրախությունն ու երջանկությունը: Նա մանկուց աչքի էր ընկնում իր տեսքով, ճկունությամբ և խելքով: Նարեկը սովորել է Մ. Քաջունու անվան N54 դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան: Ապագա գինեգործ էր և շատ էր սիրում գեղեցիկ կենացներ ասել: Նա շատ բարի, կամեցող, ազնիվ, ընկերասեր և ամենակարևորը հայրենասեր երիտասարդ էր: Նա առաջին կուրսը չավարտած՝ 2020թ.-ի հունվարի 29-ին զորակոչվեց բանակ` Արցախի հանրապետություն: Նարեկին զորամասում էլ էին շատ սիրում և գնահատում, բայց մնացին անկատար Նարեկի երազանքներն ու նպատակները: Այնքան կյանք կար նրա մեջ, որ բոլորս մեծ սպասելիքներ ունեինք, բոլորիս հույսը նա էր՝ անգամ փոքրիկ Անուշը հուսով էր, որ եղբայրը գա ամեն ինչ իր համար կանի: Շատ դաժան ճակատագիր ունեցավ Նարեկը: Մոտ մեկ ամիս պատերազմի մեջ էր: Զանգում էր տարբեր ժամերի, ինչպես միշտ առանց տրտնջալու, միայն հարցնում էր. «ի՞նչ կա, ո՞նց եք, ի՞նչ եք անում», խոսում էր գաղտնաբառերով. «այգում ենք, լիքը պուլտով խաղալիք կա»: Ձայնը լսում էինք, ուրախանում, Աստծուց շնորհակալ շարունակում սպասել: Մի օր էլ զանգեց ասեց. «տուն ենք եկել», ուրախացանք, մտածեցինք ուրեմն ապահով է, որ հետ են եկել: Հոկտեմբերի 19-ի երեկոյան զանգեց ասեց, որ իրենց տանում են և խոստացավ առավոտյան զանգել: Առավոտյան զանգեց, երկար զրուցեց զարմուհու՝ Անուշի հետ և այլևս չզանգեց: Նարեկին տարել էին Մարտունի 2, այդ մասին մենք իմացանք, երբ մեր օջախի լույսը մարեց, երբ դաժան լուր ստացանք Նարեկից: Հոկտեմբերի 25-26 գիշերը շատ թեժ մարտերի ժամանակ թշնամու անօդաչուն խլեց Նարեկի ու նրա ընկերների կյանքը` տասնհինգ հոգուց չորսին հաջողվեց փրկել: Նարեկը հրետանավոր էր` նշանառու: Կռվել է D-30 տիպի զինատեսակով: Զինակից ընկերների պատմելով, այդ գիշեր շատ դաժան մարտեր են եղել, մի քանի անգան փրկվել են, բայց... Նարեկ Կարենի Սահակյանը Արցախի նախագահի 2021թ. N441-Ա հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» արիության մեդալով: