Ծնվել է 1932 թ․ Ղափանի շրջանի Արծվանիկ գյուղում։ Միջնակարգն ավարտելուց հետո նյութական սուղ պայմանների պատճառով մոտ երկու տարի աշխատել է արտադրությունում։ 1952-57 թթ․ սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում եւ գերազանցության դիպլոմով ավարտել այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին ստացել է անվանական կրթաթոշակ, ակտիվորեն մասնակցել ինստիտուտի հասարակական աշխատանքներին։ ՈՒսումն ավարտելուց հետո Գ․ Դավթյանը մնացել է ինստիտուտում եւ հարազատ բուհում զբաղվել գիտամանկավարժական ու հասարակական գործունեությամբ։ 1957-58 թթ․ ինստիտուտի ուսանողներից կազմված մեխանիզատորական ջոկատների հետ մասնակցել է Կուստանայի մարզի խամ ու խոպան հողերում բերքահավաքի աշխատանքներին։ 1959 թ․ ընդունվել է ասպիրանտուրա՝ «Գյուղատնտեսական էկոնոմիկա» մասնագիտության գծով։ Կարճատեւ ընդմիջումներով մոտ 20 տարի հաջողությամբ ղեկավարել է բուհի կուսակցական կազմակերպության գործունեությունը՝ չկտրվելով դասախոսական եւ գիտահետազոտական աշխատանքներից։ 1964 թ․ հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն՝ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1967-ին դոցենտի կոչում։ 1965-81 թթ․ ղեկավարել է գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ու պլանավորման ամբիոնը։ 1983-2000 թթ․ ընթացքում Գ․ Դավթյանը զբաղեցրել է տնտեսագիտական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։ Գ․Դավթյանը մեծ ավանդ ունի նաեւ ուսումնական ձեռնարկների, առավել հրատապ թեմաների մասին դասախոսությունների եւ մենագրությունների հրատարակման գործում։ Նրա համահեղինակությամբ 1975 եւ 1982 թթ․ լույս են տեսել «Գյուղատնտեսական արտադրության կազմակերպում» եւ «Տնտեսամաթեմատիկական մեթոդների կիրառությունը գյուղատնտեսության մեջ» ուսումնական ձեռնարկները, իսկ 88-89 թթ․՝ «Պլանավորման հիմունքները գյուղատնտեսական ձեռնարկություններում» եւ «Լրիվ տնտեսական հաշվարկը, ինքնածախսածածկումը եւ ինքնաֆինանսավորումը գյուղատնտեսական ձեռնարկություններում» դասախոսությունները։ Հրատարակել է «Գյուղատնտեսական արտադրության կազմակերպում» դասագիրքը, 212 գիտական հոդված եւ գիտամեթոդական աշխատանքներ, հեղինակ է երեք մենագրության եւ մեկ բրոշյուրի, համահեղինակ է հինգ ուսումնական ձեռնարկի, գործուն մասնակցություն է ունեցել համալսարանի, մասնավորապես տնտեսագիտական ֆակուլտետի ուսուցման եռաստիճան համակարգի պետական կրթական չափորոշիչների եւ 2002, 2004, 2007 եւ 2009 թվականների ուսումնական պլանների մշակման գործընթացներին։ 1994 թ. ընտրվել է ՀՀ գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: 1999 թ. Հայաստանի ԳԱԱ-ի գիտական խորհուրդը նրան շնորհել է պրոֆեսորի կոչում: 1998 թ. ՀՀ գյուղատնտեսության գիտատեխնիկական քաղաքականության եւ մի քանի գիտական խորհուրդների անդամ էր: 2000 թ. հունիսի 24-ից նշանակվել է Հայաստանի ԳԱ-ի ռեկտորի գլխավոր խորհրդական՝ կատարելով միաժամանակ գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ամբիոնի վարիչի պարտականությունները: Բազմամյա բեղմնավոր աշխատանքի ու մասնագետների պատրաստման գործում ունեցած ծառայությունների համար 1980 թ. նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր տնտեսագետի պատվավոր կոչում: 2000 թ. գիտության եւ կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀԳԱ-ի 70-ամյակի կապակցությամբ Գ. Դավթյանը պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: