Ծնվել է 1939 թ. հուլիսի 6-ին, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Վարդենիկ գյուղում: 1956-1961 թթ. ուսանել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժակամ ինստիտուտում, որն ավարտել է գիտնական անասնաբույժի որակավորմամբ: 1962 թ-ից ուշադրության արժանի գիտահետազոտական աշխատանքներ է կատարել բարձրալեռնային գոտու բնատնտեսական պայմաններին հարմարված կենդանիների բուծման, տավարի կովկասյան գորշ ցեղի ապախոշոր տիպի ընտրասերման, համապատասխան պարամետրերի մշակման և գնահատման, գենետիկական հնարավորությունների նպատակամետ օգտագործման ուղղությամբ: Որպես նշված կովկասյան գորշ ցեղի սելեկցիոն-տոհմային աշխատանքների խորհրդի անդամ՝ Վ.Ա.Աբրահամյանը մասնակցել է այդ ցեղի բարձրարժեք գծերի, ընտանիքների և կառուցվածքային միավորների ստեղծման աշխատանքներին, կազմել է առաջատար նախիրների սելեկցիոն-տոհմային պլանները, ընտրության, զույգընտրության և ուղղորդող աշխատանքները: 1977-1990 թթ. ընկած ժամանակահատվածում աշխատել է ՀԽՍՀ Կենտկոմի ապարատում՝ զբաղեցնելով մի շարք բարձր պաշտոններ: 1990թ. Վ. Աբրահամյանը ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1991-1995 թթ. նա աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ: 1996թ-ից մինչև 2017 թ. աշխատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական կենդանիների բուծման և կերակրման ամբիոնի վարիչ, այնուհետև Անասնաբուծության ամբիոնի դոցենտ: Դասախոսական և ուսումնամեթոդական աշխատանքներին զուգընթաց խորհրդատվական բնույթի աշխատանքներ է իրականացրել ֆերմերների հետ: Ղեկավարել է գիտահետազոտական թեմաներ: Մասնակցել է ֆերմերների ազգային միության հիմնադրմանը: Եղել է նրա գլխավոր խորհրդատուն: 2002 թվականից զբաղվել է գյուղական համայնքների մանկապատանեկան ակումբների կովացու, երինջացու, ցլիկ, ուլիկ աճեցնող 677 պատանի ֆերմերների ուսուցմամբ և մրցույթների անցկացմամբ: Վ.Ա.Աբրահամյանը հրատարակել է 121 հոդված և աշխատություններ, այդ թվում համահեղինակությամբ մեկ դասագիրք, երեք ուսումնական ձեռնարկ, հինգ մանկապատանեկան մասնագիտական գրքեր /մեկը անգլերեն/, 108 գիտական հոդվածներ, հեղինակ է տավարի կովկասյան գորշ ցեղի մեկ գծի և չորս ընտանիքների սելեկցիոն նվաճումների: Կատարել է մեկ տասնյակից ավելի գիտաարտադրական նշանակության ծրագրեր, թարգմանել է 6 դասագիրք: Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով, ԽՍՀՄ ԺՏՆՑ-բրոնզե մեդալով /1984 թ./, «Պատվո նշան» շքանշանով /1986թ./: Վ.Ա.Աբրահամյանը 2004թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայիում արժանացել է «Լավագույնից լավագույնը» մրցույթի «Լավագույն դասախոս» անվանակարգի հաղթողի կոչմանը: Նրա ղեկավարած գյուղատնտեսական կենդանիների բուծման և կերակրման ամբիոնը «Լավագույն ամբիոն» անվանակարգում պարգևատրվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ոսկե հասկ» մրցանակով /2009թ./, արժանացել է գյուղատնտեսության նախարարության նվաճումների համար ֆերմերների ազգային միավորման մեդալով /2009 թ./, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի «Ոսկե հուշամեդալով» /2010 թ./, ՀՀ Անանիա Շիրակացի մեդալով /2016 թ./ :