Ծնվել է 01.04.1998թ. Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, որտեղ ստանալով միջնակարգ կրթություն՝ ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հենակետային վարժարանը։ 2015 թ-ին ավարտել է ՀԱԱՀ վարժարանը և նույն տարում էլ ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հեռակա ուսուցման դեպարտամենտի Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, սանդարտացում և սերտիֆիկացում մասնագիտության 1-ին կուրս: Ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Շտապեց կամավորագրվել պատերազմի հենց առաջին օրերին: Ժամկետային ծառայության ժամանակ գնդացրորդ էր եղել: Օրհասի պահին անմիջապես վճռեց՝ այնտեղ իր կարիքը շատ կլինի: Յուրիի մայրը՝ Նելլի Խաչատրյանը ՀԱԱՀ վարժարանի մաթեմատիկայի ուսուցչուհիներից է: Սիրված, գնահատված մանկավարժ, որ անդադար աշխատում է իր մասնագիտական որակներն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ, ձգտում է կրթության ժամանակակից միտումներին համաքայլ լինել: Որդին էլ ժառանգել էր մոր հատկանիշները՝ սովորել, արարել՝ անդադար: Եւ հասցնում էր օգնել-աջակցել կարոտյալներին: Հասցնում էր աշխատել, հասցնում էր իր սիրառատ բնույթով բարությամբ օծել միջավայրը: Որտեղ էլ լիներ: – Աննկարագրելի երիտասարդ էր,- ասում է ինֆորմատիկայի դասախոս՝ Նարինե Նասիլյան-Հովակիմյանը,- խելացի, բարի, բոլորին հասնող-նվիրվող: Հիմա էլ շտապեց նվիրել-նվիրաբերել… իր ընդամենը 22 գարուն տեսած կյանքը՝ մեր, բոլորիս հաղթանակի բագինին…