Նահատակ հրամանատարը Սիսիանից: Արմեն Գրիգորի Գրիգորյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 27-ին Սիսիան քաղաքում։ 1999-2009 թթ․ սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ Նույն տարում ընդունվել և 2014 թ․ գերազանցությամբ ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը։ Ապա ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտելուց հետո ծառայության է անցել Ջրականի զորամասում։ 2016 թվականին Ջրականի զորամասի հրետանային դասակի հրամանատար Արմենը մասնակցել է Ապրիլյան պատերազմին՝ դրսևորելով մասնագիտական բարձր հատկանիշներ, նաև ոգու արիություն, իրավիճակին համապատասխան կողմնորոշվելու ու գործելու կարողություն։ 2018 թ․ տեղափոխվել է Սիսիանի զորամաս՝ միաժամանակ սովորել Խ․Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ պատերազմ, իսկ սեպտեմբերի 28-ին Արմեն Գրիգորյանն ու իր մարտկոցն արդեն Արցախում էին՝ Ջրականում (Ջաբրայիլ)։ Չնայած դաժան ու թեժ մարտերին՝ հուսադրող ժպիտով ավագ լեյտենանտը խոստացել էր, որ իր դասակի բոլոր տղաները պատերազմի ավարտից հետո ողջ-առողջ տուն են վերադառնալու։ Եվ իր խոստման տերը եղավ․․․ Չվերադարձավ միայն ինքը՝ հերոսը։ Ցավով ու հպարտությամբ են նահատակ սպային հիշում նրա զինվորները։ Պատմում է կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը․«Նրա ժպիտը մեզ ուժ էր տալիս, ամեն վայրկյան Արմենը խոստանում էր, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մեր ավագ լեյտենանտը գերազանց մասնագետ էր և մարտերում իրեն դրսևորում էր որպես պրոֆեսիոնալ։ Դա մեզ հույս էր ներշնչում, ու մենք մեզ ապահով էինք զգում նրա ներկայությամբ։ Անհավատալի է, որ մեր 17 հոգանոց մարտկոցն ունեցավ միայն մեկ վիրավոր։ Սակայն կորուստն անչափելի է․ զոհվեց մեր փառապանծ հրամանատարը, ում հիշելու ենք հավերժ, հիշելու ենք հպարտությամբ, երախտագիտությամբ, ափսոսանքով․․․» 2020 թվականի հոկտեմբերի 14-ի գիշերը ավագ լեյտենանտ Արմեն Գևորգյանը գնաց իմացյալ մահվան՝ փրկելով իր 17 տղաների կյանքը։ Զինամթերք բերած բեռնատարը անօդաչուների նշանառության տակ էր, բայց դա չխանգարեց Արմենին անձամբ մոտենալ բեռնատարին՝ ընտրելու զինամթերք։ Մի ակնթարթ, ու անօդաչուի հարվածից պայթեց բեռնատարը, և զոհվեց բազում նվիրական երազանքներ ունեցող, կյանքով լի հայրենասեր հերոսը՝ Արմեն Գրիգորի Գրիգորյանը։ Հավերժ փառք անմահ հերոսին։